Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետին ու թիկնապահին ոստիկանները 3 օր է չեն գտնում
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի՝ օգոստոսի 3-ի հանձնարարականով փնտրվում են Երեւան քաղաքի Սարի թաղ կոչվող թաղամասում հուլիսի 29-ի գիշերը տեղի ունեցած միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ: Armtimes.com-ն առանձնացրել է համազգեստով ոստիկանների թիկունքից քաղաքացիների վրա հարձակվող քաղաքացիական հագուստով անձանցից 6-ին, որոնք նույնիսկ փորձում էին ոստիկանության համազգեստավոր ծառայողներից մահակները վերցնել եւ առաջ շարժվել:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից նշված լուսանկարի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն տեղեկացրեցին միայն, որ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն եւ մամուլի բոլոր հրապարակումներն ուսումնասիրվում են, իսկ արդյունքների մասին պատշաճ կծանուցվի: Ճշտող հարցին՝ ոստիկանությունը փաստորեն չի՞ հերքում, որ նշված անձինք, ՀՀ ոստիկանության ծառայողներ չեն, ստացանք նույն պատասխանը, որ դեռ քննություն է կատարվում:
Լուսանկարի ներքեւի շարքի ձախից առաջին անձը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանն է, իսկ իրենց աջ՝ թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը:
Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականից անցել է արդեն երեք օր, սակայն դեռ տեղեկություն չկա՝ հայտնաբերվե՞լ են նրա թիկնազորի անդամները, թե՝ ոչ:
