Ոնց որ թե գրպանիցդ մի 100 դոլար ընկնի, երբ տունը ոչ մի կոպեկ փող չկա. Ադիբեկյան
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարեկցում է «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե չէր կարելի նման քայլի գնալ՝ առանց ուսումնասիրելու, թե ինչպես են իրականացնում հեղաշրջում: «Չարժեր ոչ մի բանի չհասնելու համար գնալ նման քայլի: Դա նույնն է, թե գրպանիցդ հարյուր դոլար ընկնի, իսկ դու այլ գումար չունենաս ապրելու: Հիմա հույս ունենանք, որ իշխանությունները կլինեն ավելի բարեսիրտ»,- «Հայելի» ակումբում Ահարոն Ադիբեկյանը այսպիսի համեմատություն արեց: Հարցին՝ դուք «Սասնա ծռերի» արած զոհողությունը 100 դոլարի հե՞տ եք համեմատում՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, հիմարը՝ իր սխալի վրա, բութը՝ ոչ իր, ոչ ուրիշի սխալի վրա: Եթե նրանք գոնե ուսումնասիրեին, թե հեղաշրջումները ոնց են իրականացվում ավանդապաշտ նորաստեղծ երկրներում, նրանք ուրիշների սխալի վրա կարող է ճիշտ լուծումներ գտնեին: Նրանց IQ-ն բավականին ցածր է եղել, մանկամտության հիման վրա ինչ-որ պատկերավոր ճանապարհ են ընտրել ու դրանով եկել են այն արդյունքի, ինչ ունեն: Կարելի է հեղաշրջման գնալ, ժողովրդի ցասումը բարձրացնել, բայց դրա օբյեկտիվ մեխանիզմներ գոյություն ունեն: Դա մի րոպեում չի արվում»: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ընդդիմությունը ՀՀ-ում պառակտված է. «Մի-երկու ամիս քննությունը կգնա, ձմեռը կգա, դատավարությունը կիրականացվի, իսկ ձմռանը հանրահավաքները թույլ ու աղոտ են, ուրեմն այդ ալիքը կգնա, կես տարի հետո մենք կմոռանանք էս ամեն ինչը ու կապրենք մեր խնդիրներով»:
