Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող- ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 հոգի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Արագածոտի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից: Այս պահին մարզի քննչական վարչության պետը, Աշտարակի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը Սիսակյան փողոցում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան արյան հետքեր և ճանապարհի մեջտեղում էլ նույնպես կա բավականին չափ թափված արյուն և մեկ հողաթափ: Այս պահին դեպքի վայրում քննչական աշխատանքները վարում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննչները՝ ՀԿԳ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին իսկ պահից տեղում է նաև Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վիրավորներն են՝ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 39-ամյա Արմեն Միրզոյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը, 47-ամյա Գևորգ Գարանյանը: Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


