Իրանից գազ գնող, ներկրող և արտահանող հայկական ընկերություն
«Էներգաիմպէքս» ՓԲԸ -ն հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: «Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում Հայաստանում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել ու որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա ու գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, ու մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա ու կիրականացնի»,- նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
