Տարածքների զիջման մասին խոսելը պարտվողականություն է. Շավարշ Քոչարյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանըհայտարարեց.
«Ղարաբաղյան կարգավորման հարցում չի կարող զիջում լինել, զիջման մասին խոսելը բացառվում է:Նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է` բացառվում են միակողմանի զիջումները, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու: Անընդհատ խոսվում է այն մասին, թե հայկական կողմը պետք է տարածքներ զիջի, մի՞թե եղել է նման խոսակցություն: Այ եթե Ադրբեջանը հայտատարի, որ պատրաստ է վերադարձնել այն տարածքները, որը օկուպացրել է, որ ընդունել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այդ ժամանակ այդ հարցերը տեղին կլինեն: Քանի դեռ այդ բոլորը չկան, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ, ընդամենը պարտվողականություն է»:
Օգոստոսի 10-ին Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո հնարավո՞ր է ղարաբաղյան հարցում նոր բեկում լինի հարցին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այս հարցում ամեն ինչ շատ հստակ է. «Կա երկու հարթություն. մի հարթությունում այն է, ինչ արձանագրվեց Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում: Այսինքն պետք է լինի վստահության որոշակի մթնոլորտ, իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ»:
«Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ նշյալ բոլոր հարցերը լուծում ստանան:Բանակցությունները գնում են, բայց Ադրբեջանը, բոլորին է հայտնի, բանակցային սեղանի շուրջ խոսացածը հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Համենայնդեպս, արդեն քայլեր են կատարվում այդ բանակցությունները վիժեցնելու ուղղությամբ», - ասաց փոխարտգործնախարարը:
Շավարշ Քոչարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ հարցին,թե «Սասնա ծռերի» գործողությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ղարաբաղյան գործընթացում:
