2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ. ՀՀ վարչապետ
2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ. Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ հովիկ Աբրահամյանը` խոսելով 2016թ առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մասին. «Հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա` կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում: Իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով»: Վարչապետը հավելեց նաեւ, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության եւ առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական. «Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»: Հովիկ Աբրահամյանը խոսելով հաջողությունների մասին` միեւնույն ժամանակ հավելեց, որ այս ամենը չի նշանակում, թե այլեւս անելիք չկա. «Տնտեսության մեջ առկա խնդիրներն ու մարտահրավերները շատ են, դեռ անելիքներ կան, և նշված տնտեսական հաջողությունները չեն ազդել կյանքի բարեկեցության բարելավման վրա, ուստի կառավարությունը պետք է գործադրի ջանքեր` կյանքի բարելավման ցուցանիշները բարելավելու համար»: Վերջում վարչապետը հանձնարարեց բոլոր նախարարություններին կիսամյակի վերջում հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլ կոնկրետ նախաձեռնությունները։
