Ալիևը հույս է հայտնել, որ Օբաման ջանքեր կգործադրի Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Իր շնորհավորական նամակում Ալիևը նշել է, որ այսօր ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կապված են սերտ ու բազմակողմ կապերով, որոնք հենված են բարեկամական հարաբերությունների վրա. «Մեր երկրների միջև հաջողությամբ ու արդյունավետորեն շարունակվում է փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հենքով։ Էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում այդ կապերը, շարունակելով զարգանալ, հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և անձամբ ԱՄՆ նախագահը ջանքեր կգործադրեն Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
