ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Երևանի ներկայիս իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Երևանում ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց։ Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,- փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Հուլիսի 30-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր հրապարակել՝ արտահայտելով ԱՄՆ խորը մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից գործադրված դաժան մեթոդների, ինչպես նաև լրագրողներին և նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ։ «Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել հետաքննել զեկույցները։ Մենք ուշադրությամբ կհետևենք այդ հետաքննության զարգացմանը։ Մենք կառավարությանը կոչ ենք անում, որպեսզի ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցած բոլոր անձանց ցուցաբերի օրենքի սահմաններում հավասար և արդար վերաբերմունք»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։
