Զվարթնոցից հետո Սևա՞նը. ամեն բան վաճառվում է
«Նման հարցերի նկատմամբ ես բացասական վերաբերմունք ունեմ: Որոշումը նախարարությունը կընդունի, թե քաղաքապետարանը դա նշանակություն չունի: Երկիրը վաճառված է, ըստ էության երկիրը տրված է սրան-նրան: Հետևաբար կարող է երկիրը տրված լինել կրիմինալ սուբյեկտների: Այ` սրա զոհն են Երիտասարդական պալատն ու արդեն Զվարթնոց օդանավակայանի շենքը»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանը գտնում է, որ հանրապետության ցանկացած կարևոր արժեք կարող է օտարվելի ի օգուտ ազգի հետ կապ չունեցող մեկի: Նա չի տարակուսում, որ մի օր էլ կվաճառվի Սևանա վիճը: «Ստացվում է այնպես, որ մեր հանրապետությունը կարելի է անհոգի ու ազգի հետ կապ չունեցող մեկին օտարել: Ու նման սուբյեկտների մոտ տարատեսակ ցանկություններ են ծնվում: Ասենք` քանդել Երիտասարդական պալատի շենքը: Հետո ախորժակները բացվելով հերթի են դնում Աֆրիկյանների տունը ու մնացածը»,-փաստում է Բոստանջյանը: Բոստանջյանը մտահոգ է, քանի որ երիտասարդ սերունդը ապագայում պատմամշակութային արժեքների մասին գաղափար չի ունենալու: «Հիմա արդեն կարևոր չէ Զվարթնոցի տեղում խաղտուն կլինի, թե այլ էժանագին արժեքների տիրույթ: Կարևորը այն է, որ մեր հազարամյակներով ձևավորած պատիվն ու հարգանքը կորցնում ենք այն մարդկանց պատճառով, ովքեր մանկուց արժեքների նկատմամբ հարգանք ու վերաբերմունք չեն ունեցել»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրում է նրանով, որ կառույցի պահպանումը եւ վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բացի այդ, ընկերության կողմից մշակված «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագրով հին մասնաշենքի տարածքում այլ կառույց է նախատեսվում: Հիշեցնենք, որ օրերս հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշումը կայացվել է: Լուսինե Ղազարյան
