«Կարևորը՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին չի դավաճանում» /տեսանյութ/
«ՀՀԿ խորհրդի նիստում կոալիցիա կազմելու մասին հարցը դեռևս չի քննարկվել»,-այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Անդրադառնալով հարցին, թե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասով նշել է, որ ՀՀԿ-ին գործիքներ են պետք, որ հանցավոր իրենց խմբի համար նոր լիցքեր ապահովեն Մելիքյանը արձագանքեց. «Ես վաղուց չեմ ցանկանում մեկնաբանել ընդդիմադիր իմ գործընկերուհու ասածները, որովհետեւ դրանք իրականությունից հեռու են: Որեւէ մեկն իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում նման հայտարարություն չի արել, որ առաջիկայում պետք է կոալիցիաներ ձեւավորվեն: Ընդամենը գնում են զրույցներ, հանդիպումներ, որոնք նորություն չեն: Նման գործընթացն առաջիկայում կշարունակվի: Այո, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ նախագահի եւ ՀՅԴ-ի ղեկավարության միջեւ, զրույց, քննարկումներ, որոնց վերջնական արդյունքը դեռեւս հստակեցված չէ: ՀՀԿ խորհրդի նիստում այդ հարցը դեռեւս չի քննարկվել: Կոալիցիա ստեղծելու մասին խոսակցությունները դեռեւս օդում են: Խոսակցություններ են գնում ընդամենը քաղաքական համագործակցության մասին, որոնց նպատակը երկրում քաղաքական կայունության ապահովումն է»: Հարցին՝ վստահո՞ւմ եք դաշնակցության հավատարմությանը Մելիքյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական համագործակցություն որեւէ երկրում վերջին հաշվով ժամանակավոր բնույթ է կրում, ընտրություններից առաջ են լինում սովորաբար եւ տեւում են մինչեւ հաջորդ ընտրություն: Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը նման ցանկություն ունի»: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, ըստ որի, ՀՅԴ-ն ասում է՝ հին ընկերները չեն դավաճանում, սակայն դաշնակցությունը չի դավաճանում միայն հանրապետականին ՀՀԿ պատգամավորը ընդգծեց, որ կարեւորը՝ ՀՀԿ-ին չեն դավաճանում: Հարցին՝ պատկերացում ունե՞ք, թե ինչ պորտֆելներ են հանձնվելու՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Դեռեւս պարզ չէ, թե կոալիցիան քանի քաղաքական ուժից կձեւավորվի, այդ կոալիցիան կլինի նախընտրական թե հետընտրական, դրանից հետո նոր կլինի պորտֆելների բաժանումը»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում
