Գազի գինը կնվազի՞ /տեսանյութ/
«Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար, այդ հնարավորությունը չփորձելը սխալ կլինի»,-այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով` նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում չէինք դիմի Ռուսաստանին: Հարցին, թե եթե մերժում ստանան Ռուսաստանից, արդյոք կսկսեն համագործակցել Իրանի հետ՝ գազ ներկրելու հարցում, նախարարը պատասխանեց. «Դրանք բանակցությունների թեմաներ են: Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, Իրանից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ նշեց, որ համաշխարհային շուկայի զարգացումները հաշվի առնելով է Հայաստանի կառավարությունը որոշել դիմել ռուսական կողմին՝ էներգակիրների գների նվազեցման հարցով: «Ընդհանրապես աշխարհում այսօր կատարվող իրադարձությունները մեզ էլ են հասնում, որ հարկավոր է դիմել, և մենք դիմել ենք: Տեսնենք ինչ արդյունքներ կլինեն»,- ասաց նա: Զախարյանը խուսափեց մանրամասներ հայտնել գործընթացի վերաբերյալ, ասաց, որ բանակցությունները շարունակվում են: Հարցին, թե հայկական կողմը գազի գնի քանի՞տոկոս նվազեցման ակնկալիք ունի, նա պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել»: Մանրամասները` տեսանյութում: Աստղիկ Ավագյան
