18 մահ կա. ո՞վ է մեղավոր
H1N1 վիրուսից (խոզի գրիպ ) հունվարի 20-ին մահացության ևս 2 դեպք է գրանցվել: Այս տեղեկությունը Հայելի.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ խոսնակ Անահիտ Հայթայանը: Անահիտ Հայթայանի խոսքով՝ մահացածները կանայք են, որոնք ուշ են դիմել բժշկի, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել: Նշենք, որ այսպիսով Հայաստանում H1N1 գրիպից մահացածների թիվը հասավ 18-ի: «Բարելավում է նկատվում: Մեր հիվանդների մոտ 99 տոկոսը ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Բարելավում է նկատվում նաև պոլիկլինիկական ցանցում: Ինչ վերաբերում է դպրոցներում դասերին, այդ հարցն այժմ մշտադիտարկվում է՝ հաշվի առնելով, որ մենք մինչև ուրբաթ օրը դեռևս կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում միայն հանդես կգանք առաջարկով»,-այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը ավելի վաղ նշել էր, որ նախահամաճարակային իրադրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: Աստղիկ Ավագյան
