Ես անձամբ եմ զանգել Վիգեն Սարգսյանին.Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց,որ գեներալ Վիտալի Բալասանյանը միջնորդի միակ թեկնածուն չի եղել: «Ես անձամբ եմ զանգել Վիգեն Սարգսյանին եւ մի անձի անունով, որը համաձայն էր գործել, որին երկու կողմերն էլ կարող էին վստահել եւ առաջարկել եմ, որ այդ մարդը պատրաստ է եւ կարող է միջնորդ լինել: Ասվել է`սպասեք`տեսնենք, այլ տարբերակներ էլ կան: Հետո պարզվեց, որ այլ տարբերակը Վիտալի Բալասանյանն էր: Ի դեպ, Վարուժանի հետ էլ էինք խոսել, իրենք համաձայն էին այդ տարբերակին: Դա իշխանության ընտրությունն է եղել`ընտրել Բալասանյանին»,- ասաց բանախոսը: Վիտալի Բալասանյանի հեղինակությունը, ռազմական փորձն ու կարողությունները վիճարկելի չեն , բայց իմ առաջարկած անձը գործընթացն ավելի դիվանագիտական հունով կտաներ եւ այն բացասական անդրադարձը, որը հիմա ձեւավորվել է Վիտալի Բալասանյանի անվան շուրջ, չէր լինի: Վիտալի Բալասանյանի միջնորդության պարագայում նաեւ իրավական խնդիր կա, քանի որ ՀՀ իշխանություններն ասում են`ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի: Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչպես է ԼՂՀ խորհրդարանի անդամն այդ գործընթացում ներգրավվում եւ ընդունում ՀՀ քաղաքացիների հանձնվելը,ասում է Արա Պապյանը: Միջնորդի իր թեկնածուի անունը Արա Պապյանը չցանկացավ հրապարակել: Դրա համար, ասաց, նախ այդ մարդու համաձայնությունը պետք է ունենա:
