«Հնարավոր է՝ «սուտլիկ» գտնվեն և տղաներին ազատ չարձակեն». Կարեն Անդրեասյան
«Սասնա ծռեր» խմբի անդամները երեկ երեկոյան վայր դրեցին իրենց զենքերը՝ հանձնվելով իշխանություններին: Տղաներին առաջադրվել է մեղադրանք 217 հոդվածի 4-րդ մասով, որտեղ նշվում է, եթե կամովի վայր են դնում զենքերը և իրենց արարքում այլ հանցակազմ չկա, ապա ազատվում են պատասխանատվությունից: Պատասխանատվությունից, կամովին հանձնվելու դեպքում, խմբի տղաներին ազատելու խոստում տվել է նաև իշխանությունը: Արդյոք իշխանությունն իր տված խոստմանը հավատարիմ կմնա. Հարցի շուրջ Hayeli.am զրուցեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ, ով նկատեց՝ որոշակի քայլերից պարզ դարձավ, որ ազդեցություն կա Հայաստանում գործադիրի կողմից դատարանի նկատմամբ: «Ես չգիտեմ՝ ով է կարողացել դատարանի կամ դատախազության կողմից նման խոստում տալ, բայց ինձ համար այդ խոստման իրավական կողմն էլ է կասկածի տակ»,-նման տեսակետ հայտնեց նախկին պաշտպանը: Ըստ պարոն Անդրեասյանի՝ ինչ վերաբերվում է, արդյո՞ք իշխանությունը պահելու է իր խոստումը, ապա տեսականորեն այն հնարավոր է, ընդհուպ մինչև կարելի է ազատ արձակել և չենթարկել քրեական պատասխանատվության: «եթե հաշվի առնենք, որ իրենք գործել են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում,օրինակ՝ երկիրը վտանգված էր և իրենք ծայրահեղ անհրաժեշտություն են տեսել, ապա կարելի է գտնել այլ տարբերակներ՝ ավելի մեղմ պատժի,կամ պատժից ազատում: Սակայն, հնարավոր է՝«սուտլիկ» գտնվի այդ խոստում տվողը և հերթական անգամ խաբի մարդկանց»,-նկատեց նախկին պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ մարդասիրությունից զուրկ էր նրանց սովամահ անել և զրկել բուժօգնությունից,ինչպես վարվում էին միջնադարում՝ թշնամու հետ: Լուսինե Միքաելյան
