Ինձ համար զարմանալի է Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արամ կաթողիկոսի լռությունը. Լևոն Շիրինյան
«Ինձ համար զարմանալի է Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արամ կաթողիկոսի լռությունը: Արամ կաթողիկոսն ահռելի ազդեցություն և հոգևոր մեծ միջավայր ունի. ինչո՞ւ են լռում: Նրանց անձնական միջամտությունը պարտադիր է: Պետք է հստակ ասել, որ երկու կողմի առաջնորդները՝ նախագահ Սերժ Սարգսյանը և Ժիրայր Սեֆիլյանը, նստում են սեղանի շուրջ և պարտավոր են բանակցել՝ հանուն Հայաստանի անկախության համար, որովհետև պետականությունը վտանգված է»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Վերջինս հիշեցրեց, որ կարող է ամենավատթարը ենթադրել, բայց պետք է դրանից զերծ մնալ և երկխոսությունը պարտադրել՝ խաղաղ հանգուցալուծման համար: Ըստ քաղաքագետի՝ իշխանություններին պետք է զգուշացնել, որ մեկ-մեկ լռեցնելով, շարքից դուրս հանելով՝ դրսում ֆիդայական շարժում է սկսվելու: «Ես սարսափում եմ, որ ֆիդայական շարժման գաղափարախոսությունը տարածվի երիտասարդության մեջ, որովհետև այս հակադրություններում որևէ մեկը չի հաղթելու»,-ընդգծեց պարոն Շիրինյանը: Անդրադառնալով Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ ոստիկանների գործողություններին, քաղաքագետը նշեց, որ ոստիկանության պարտականության մեջ չի մտնում քաղաքացուն պատժել, այլ պետք է պաշտպանել, որովհետև նրանց գործողություններն ընթանում էին ոչ իրավաչափ նորմերով: Լուսինե Միքաելյան
