Սերժ Սարգսյանը՝ «հողեր հանձնելու» մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք հատված նախագահի ելույթից. Հիմա հնչող քննադատության մասին: Խոսքս, իհարկե, ընդգծված ահաբեկչական ձեռագրով գործող, իրենց մտադրությունները հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո թաքցնող զինյալների մասին չէ, խոսքս մեր ժողովրդի մի հատվածի մտահոգությունների մասին է: Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է: Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն: Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է: Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:
