Ձերբակալված Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը վատ է
17:16 Հուլիսի 30-ին ձերբակալված «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը վատ է, և նա գտնվում է հիվանդանոցում: Տեղեկատվությունը araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց Եղիշե Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Գրեթե չի կարողանում պառկած տեղից վեր կենալ: Նրա վիճակն ավելի վատ էր, քան նախորդ օրը: Հիմա դեղորայքային բուժում է ստանում, կարծեմ՝ նաև հետազոտություններն են շարունակվում»,- ընդգծեց փաստաբանը: Նրա խոսքով՝ երգահանն այնպիսի վիճակում է եղել, որ անգամ տեղում են ուլտրաձայնային հետազոտություն կատարել, որպեսզի որոշում կայացվի՝ ստացիոնար բուժման կարիք ունի՞, թե՞ ոչ. «Արդյունքում` բժիշկները միաբերան պնդեցին, որ պետք է պառկի հիվանդանոցում, իսկ թե որքան՝ տեղյակ չեմ»: Հարցին՝ ի՞նչ կլինի Եղիշե Պետրոսյանի հետ բուժումն ավարտելուց հետո, Վարոսյանը պատասխանեց. «Կանխատեսել չեմ կարող, հատկապես այսպիսի քրեական գործերի պարագայում»: Նշենք նաև, որ Եղիշե Պետրոսյանի մոտ նախակաթվածային վիճակ է: Հիշեցնենք, Եղիշե Պետրոսյանը վերջին օրերին անցկացվող երթերի և ցույցերի ակտիվ մասնակիցներից էր:
