Ինչպես զինաթափվեցին Սարի թաղի Վրեժի ջոկատն ու ՀԱԲ-ը

15:21 Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել Ղարաբաղ կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Պարոն Մանուկյան, երկու շաբաթից ավելի «Սասնա ծռերե խմբի կողմից գրավված էր ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը, փողոցում էլ ցույցեր էին ընթանում ի պաշտպանություն զինյալների: Ինչպե՞ս եք գնահատում առկա իրավիճակը և ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում:Մեր երիտասարդությանը թվում է, թե տեղի ունեցողը, երբ զինված մի ջոկատ փորձում է ազդել քաղաքականության վրա, բացառիկ երևույթ է մեր պատմության մեջ: Բայց այդպես չէ: Սա նախապատմություն ունի և առաջին դեպքը չէ: Ղարաբաղյան շարժման ժամանակ և Սումգայիթից հետո Ղարաբաղ կոմիտեն սկսեց զինված ջոկատներ ստեղծել: Առաջինը եղել է աֆղանական ջոկատը, որն ինձ էր ենթարկվում՝ որպես Ղարաբաղ կոմիտեի համակարգող ղեկավարի: Այդպես էր կոչվում, քանի որ անդամները ԽՄ բանակում մասնակցել էին Աֆղանստանի պատերազմին և ռազմական փորձ ունեին:Հետագայում առաջացան բազմաթիվ այդպիսի ջոկատներ, որոնց մի մասը ենթարկվում էր Ղարաբաղ կոմիտեին, մյուս մասն ինքնուրույն էր գործում, եղան նաև դեպքեր, երբ առիթից օգտվելով՝ ստեղծվեցին ջոկատներ, որոնք հիմնականում հետապնդում էին տնտեսական շահեր: Քանի որ Ղարաբաղ կոմիտեի անդամներս ուսյալ մարդիկ էինք ու լավ գիտեինք պատմությունը, զգուշանում էինք, որ հանկարծ առաջին հանրապետության պես «մաուզերիստների» շարժումներ չսկսվեն, երբ ջոկատներն իրենք էին մտնում քաղաքականության մեջ ու որոշում, թե ինչն էր ճիշտ ու ինչը՝ սխալ: Դա կործանարար էր առաջին հանրապետության համար, և թույլ չէինք տա, որ կրկնվեր: Եվ դրա համար 1990 թվականին իշխանության գալուց հետո խնդիր դրվեց հայրենասիրությամբ առաջնորդվող ջոկատները միավորել ու բանակի պես մի բան ստեղծել: Քանի որ դեռևս անկախ չէինք, ԽՍՀՄ կազմում էինք, իսկական բանակ ստեղծել չէինք կարող: Ոստիկանության ներքին զորքեր կային, երիտասարդներին կոչ արեցինք մտնել այդտեղ, իսկ ով չի մտնի, պիտի զինաթափվի: Եղան բազմաթիվ ջոկատներ, որոնք մտան, բայց նաև եղան ջոկատներ, որոնք ինքնուրույն քաղաքականություն սկսեցին վարել: Օրինակ՝ Սարի թաղի Վրեժի ջոկատը, որը սահման էր գնում ու ինքնուրույն գործողություններ իրականացնում՝ առանց պետությանը ենթարկվելու. փորձ կատարեց գրավելու հեռուստատեսության ստուդիան, նույնը ՀԱԲ-ն էր և այլն:Եվ պետությունն իր առջև խնդիր դրեց այդ ջոկատները զինաթափել: Մեծ դժվարությամբ զինաթափեցինք Սարի թաղի Վրեժի խումբը: Ես՝ որպես վարչապետ, կարգադրեցի զինաթափել ՀԱԲ-ը: Գիշերը ոստիկանության կողմից հարձակում կատարվեց ՀԱԲ-ի շտաբի վրա, երկու զոհ ունեցանք: Մի պահ եղավ, որ ջոկատներն այլևս ինքնուրույն քաղաքական դերակատարություն չունեին: Դա կարևոր էր, որովհետև քաոսային վիճակով պետությունն առաջ տանել հնարավոր չէր:Հիշում եմ՝ այն ժամանակ Մամեդովն էր Ադրբեջանի վարչապետը, երբեմն-երբեմն հեռախոսով խոսում էինք: Երկուսս էլ ասում էինք` ի՞նչ անենք, ջոկատներն են սահմանի վրա հարձակում իրականացնում: Մի օր էլ զանգեցի ու ասացի` եթե այսուհետ կրակեն ձեզ վրա, իմացեք՝ ես եմ հրամայել, մեր ջոկատները լրիվ վերահսկողության տակ են, դուք էլ հասեք դրան, այդ դեպքում միայն իմաստ կլինի սահմանային դեպքերի վերաբերյալ բանակցել: Այդ հարցում մենք առաջ ընկանք Ադրբեջանից ու Վրաստանից: Մաուզերիստների շարժում երրորդ հանրապետությունում չեղավ:Դրանից հետո, իհարկե, պոռթկումներ եղան: Առաջինը հոկտեմբերի 27-ն էր: Այն տղաները, որոնք Ազգային ժողով մտան ու այդ արյունալի ողբերգությունն իրականացրեցին, իրենց ներքին մղումներում որոշակի հայրենասիրական արդարացում ունեին. նրանք կարծում էին, որ պետությունը վատ ղեկավարներ ունի, և եթե Վազգեն Սարգսյանը չլինի, ամեն ինչ կկարգավորվի: Այդ դեպքը, բացի վնասից, ոչ մի օգուտ չբերեց Հայաստանին, այսինքն՝ մի անգամ էլ ապացուցվեց, որ ահաբեկչական գործողություններով պետության, հասարակության առջև դրված խնդիրները չեն լուծվում: Բացարձակապես անընդունելի է, որ զինված մի փոքր ջոկատ վերցնում է այդ ֆունկցիան իր վրա, այն, ինչ տեսանք այս դեպքում: Լավ բաներ են ասում, հայրենասիրական մղումներ ունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, բոլոր այսպիսի գործողությունների հետևում կանգնած են բարի նպատակներ, բայց արդյունքը լինում է ողբերգական պետության համար:Իհարկե, կա ընդհանուր դժգոհություն իշխանություններից: Մեր երկրում մեծ տեղ ունեն կոռուպցիան, անարդարությունները, դատական համակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք դրված են պետության առջև, շատ հարցերում տանուլ ենք տալիս, մեր տնտեսությունը այն ձևով չի զարգանում, ինչպես մենք կուզենայինք: Բացի մնացած բացասական երևույթներից, ստեղծվեց մի պետություն, որտեղ այն անհատները, որոնք իրենց ուսերի վրա տարան հեղափոխության և պատերազմի ծանր բեռը, հիմնականում հայտնվեցին ծանր սոցիալական վիճակում, պետության ուշադրությունից դուրս: Մյուս կողմից՝ հարստացան անհատներ, որոնց մի զգալի մասը, ունենալով ձեռներեցության շնորհք, ազնիվ ձևով կազմակերպեց իր գործը, բայց դրա հետ մեկտեղ հսկայական կարողություն ձեռք բերեցին ոչ օրինական ճանապարհով, ոչ մի օգտակար ընդունակություններով չօժտված պատահական մարդիկ, միայն շնորհիվ նրա, որ հնարավորություն ունեին օգտագործելու իշխանության լծակները: Այդ ամենը տարիների ընթացքում ավելացնում էր դժգոհությունը: Բայց այդ հարցերը լուծվում են այլ ճանապարհով, ոչ թե զինված ուժի միջոցով:Մի կողմ թողնենք, որ այդ գործողություններն օրինական չեն, մի կողմ թողնենք, որ այդպիսի դեպքերի ընթացքում արյուն է թափվում: Պետական տեսանկյունից ավելի կարևոր է, որ այդպիսի գործընթացն արդյունավետ չէ, խարխլում ու թուլացնում է պետությունը, հնարավորություն է տալիս դրսի ուժերին միջամտելու մեր ներքին պետական կյանքին, և դա հասարակության մեջ առաջացնում է ճեղքեր, որոնք մնում են շատ երկար ժամանակ: Ֆրանսիայի նախագահ (1974-81 թթ.) Ժիսկար դ’ Էստենը, վերլուծելով Ֆրանսիայի ժողովրդի ներկա խնդիրները, նշում է, որ 1789 թ. Ֆրանսիայի հեղափոխության ճեղքերը չեն վերացել նույնիսկ մինչև այսօր: Արդյունավետ չէ, որովհետև պատմական փորձը ցույց է տալիս, որ այսպիսի գործընթացը համարյա երբեք չի բերում հաղթանակ, իսկ այն բացառիկ դեպքերում (օր.՝ Ֆիդել Կաստրոյի զինված ապստամբությունը), երբ հաջողվում է այդ ճանապարհով փոխել իշխանությունը, ոչ մի խնդիր չի լուծվում: Ստեղծվում է նոր՝ հեղափոխական իշխանություն (հերոսների իշխանություն), որն ավելի անարդար ու դաժան է լինում, քան նախորդը, և նորից հասարակությանը պետք է լինում լուծել այն խնդիրները, որոնք պատճառ են դարձել ապստամբության: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Իրավունք». Անկեղծացել է, որ ինքը Փաշինյանի հանդեպ «գրեխ» չի շնչում «Իրավունք». Նավասարդ սրբազանի ընկեր Ստեփանը կամ հակառակը «Հրապարակ»․ Ինչու «Ուժեղ Հայաստանի» ցուցակում Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները չկան Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է․ «Հրապարակ» Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ» Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ» 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ» «Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am