«Այդ ի՞նչ էին կուլ տալիս այդ մարդիկ, ինչքանո՞վ են համապատասխանում լուրերը, որ նրանք օլիգարխների թիկնապահներ են»
20:45 Այս պահին քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում, սակայն հարթակում առաջնորդներ չկան: Ժողովրդի շարքերում են Պարույր Հայրիկյանը, Նիկոլ Փաշինյանը: Հարթակում չէ նաև Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքն ինքնաբուխ է և ինքը Ազատության հրապարակ է եկել՝ այստեղ լինելու համար: Նա հայտարարեց, որ իրենք դատապարտում են ցանկացած բռնություն: Նրա խոսքով՝ ԱԱԾ այսօրվա հայտարարությունը «չմտածված» հայտարարություն է, և մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում երկրում: Անդրադառնալով երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումներին և քաղաքացիական հագուստով տղաներին, որոնք ծեծում էին հավաքի մասնակիցներին, նա ասաց. «Այդ ի՞նչ էին կուլ տալիս այդ մարդիկ, ովքեր են նրանք, ինչքանո՞վ են համապատասխանում լուրերը, որ նրանք օլիգարխների թիկնապահներ են: Այսօր արդեն այդ հարցերի պատասխանները պիտի տային… Բազմիցս ասել ենք և էլի ասում ենք՝ ձեռքը տանել կոկորդիլոսի բերանը, հետո ասել՝ վայ, կոկորդիլոսը կծեց, կներեք, դա խելամիտ որոշում չի: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ՝ ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին. Ս. Սարգսյանը ստացավ երաշխիք, որ այս պայքարի մեջ հասարակության և ոստիկանության դաշինք տեղի չի ունենա: Երբ մենք ասում ենք բաց ձեռքերի, այսինքն՝ առանց դիմադրության և բռնության քաղաքականություն պետք է վարվի, մեզ ասում են՝ ոստիկանությանը հանձնվո՞ւմ եք: Ոչ, մենք չենք հանձնվում ոստիկանությանը, մենք ասում ենք՝ չենք դիմադրելու և ուժ կիրառելու ֆորմալ առիթ չենք տալու»:
