Միջազգային մամուլի անդրադարձը երևանյան իրադարձություններին
17:32 Eurasianet.org-ը գրում է, որ երեկ ուշ երեկոյան ոստիկանական բռնություններ են ծավալվել Երևանի այն հատվածում, որտեղ գտնվել է Ոստիկանության ՊՊԾ գունդը, և միանգամից պարզ չի եղել, թե արդյո՞ք անվտանգության ուժերն այդտեղ լայնածավալ օպերացիա են անցկացնում. «Բազմաթիվ ցուցարարներ, որոնք համակրում են զինյալներին, փորձել են ՊՊԾ գնդին մոտենալ հարակից Սարի թաղից»: Արաբական Al Jazeera հեռուստաալիքը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո ծավալված երևանյան իրադարձություններին, գրում է, թե Ոստիկանությունը բախումներ է ունեցել շենքը 13-րդ օրը գրաված պահող ընդդիմադիր խմբի հարյուրավոր համակիրների հետ: «Ոստիկանությունը՝ զինված վահաններով և մահակներով, կիրառել է լուսաձայնային նռնակներ ցուցարարների դեմ, որոնք վանկարկել են՝ «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան» և «Սերժ, հե-ռա-ցիր» (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին): Russia Today հեռուստաալիքը բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել երեկ գիշերը Ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածքում կատարվող իրադարձություններից:
