Ձերբակալել են Արմեն Մարտիրոսյանին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են: Այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս եղբայրը. «Բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժանմունք, հետո առավոտյանն 5.30 ձերբակալել են, քրեական գործ են հարուցել: Այս պահին գտնվում է ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում»: Միաժամանակ տեղեկացանք, որ «Ժառանգության» փոխնախագահի դեմ քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Արմեն Մարտիրոսյան մասնակցում էր Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի աշխատանքներին և երեկ մասնակցություն է ունեցել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ապա երթին դեպի Խորենացի փողոց: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հանրահավաքից երթով գնում էին Խորենացի փողոց, սակայն անսպասելիորեն Նար-Դոս փողոցում շեղվեցին երթուղուց և շարժվեցին Սարի թաղի ուղղությամբ: Երթի մասնակիցների առաջխաղացումը թույլ չտալու համար ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, պայթուցիկներ: Բազմաթիվ քաղաքացիներ են տուժել ոստիկանության գործողություններից, բռնության են ենթրակվել նաև լրագրողներ:
