«Նույնիսկ մեկ բուժքույր չկա, որ խնամի, մոր կողմից տված սնունդն ամբողջովին հատակին է դրված»
18:56 Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած և ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի շահերը: Պետրոսյանն ասաց, որ հուլիսի 27-ին առաջադրվել է մեղադրանք հայր եւ որդի Մանուկյաններին: Նրանք հրաժարվել են ծանոթանալ մեղադրանքի բովանդակությանը, չեն ստորագրել որեւէ փաստաթղթի տակ: «Պավել Մանուկյանն ասաց, որ ցանկանում է դատական նիստի մասնակցել, իսկ որդին հրաժարվեց, քանի որ ի վիճակի չէ եւ չի էլ ցանկանում դատարան գալ»,- ասաց փաստաբանը: Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ վիրահատությունից մի քանի ժամ հետո Արամ Մանուկյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: «Ես նման բան չէի տեսել: Միայնակ ու անօգնական, ոչ մարդկային պայմաններում է գտնվում: Անգամ խավարասերները ման են եկել նրա բաց վերքի վրայով: Բացակայում են տարրական հիգիենիկ պայմանները: Նույնիսկ մեկ բուժքույր չկա, որ խնամի, մոր կողմից տված սնունդն ամբողջովին հատակին է դրված, իսկ կողքին միայն մի կտոր պանիր ու չորացած սեւ հաց, որից նույնիսկ չի կարողանում օգտվել: Սա մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: Անգամ բժիշկները խալաթ չէին հագնում»,- ասաց փաստաբանը:
