Ամեն մեկի վզին ժնջիլներ էին, զարհուրելի կերպարներ. Լևոն Բարսեղյան
18:46 Գումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով այսօր է ազատ արձակվել ձերբակալված անձանց պահման վայրից, լրագրողներին պատմեց իր հետ տեղի ունեցածը: Նա նշեց, որ սկզբում իրեն բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ եկել են Գյումրիի Կումայրիի բաժնի երեք ոստիկաններ ու իրեն տեղափոխել Կումայրիի բաժին: Այնտեղ պահել են մի քանի ժամ, հետո նորից բերել են Շենգավիթի բաժին՝ հարցաքննության, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել սառը զենք պահելու կասկածանքով և ձերբակալման որոշում է ընդունվել: Դրանից հետո նրան տեղափոխել են Էրեբունու ձերբակալվածների պահման վայր: Նա պատմեց, որ այստեղ երկու օրվա ընթացքում իրեն հարգալից են վերաբերվել, օրենքի շրջանակներում է ամեն ինչ տեղավորվել:«Քննչականում ևս հարգալից են վերաբերվել: Անհարգալից ինձ վերաբերվել են Կումայրիի և Շենգավիթի բաժնի մենթանոցներում՝ մի քանի մենթերի կողմից: Կումայրիի մենթանոցում միայն ինձ թողեցին զուգարանից օգտվել: Մինչ այդ, Շենգավիթի մենթանոցում ասում եմ՝ ժողովուրդ, դեղ ունեմ, էս դեղը պիտի խմեմ: Ասում են՝ կներեք, մենք էստեղ ջուր չունենք: Ասում են՝ զուգարանը առաջին հարկում է, լկտիաբար խաբում էին»,- պատմեց Բարսեղյանը: Նա նշեց, որ սա է ոստիկանների կերպարը: «Հարգելիներս, սա փոխվում է միայն հեղափոխությամբ: Կամ հեղափոխությամբ՝ իշխանության միջից կամ ժողովրդի կողմից: Ամեն մեկի վզին ժնջիլներ էին, զարհուրելի կերպարներ»,- ասաց նա:
