Ներսում գտնվող տղաներն ահաբեկիչներ և տեռորիստներ են. Գառնիկ Իսագուլյան
16:13 «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր հայտարարեց, որ իշխանությունները սկզբնական փուլում ամեն ինչ արել են, որպեսզի հարցը խաղաղ լուծվի: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները դեմ են եղել, որպեսզի բանակցություններին մասնակցեն չորս անձով. «Տղաների թույլ են տվել, որ բանակցություններին մասնակցեն Վիտալի Բալասանյանն ու Աշոտ Մինասյանը: Նրանց կողմից բանակցություններն անցնում էին հրաշալի»: Նա նաև ասաց, որ խմբավորման անդամները խախտել են մի շարք պայմանավորվածությունները` նրանք չպետք է թույլ տային բոլոր ասուլիսին ներկա գտնվել բոլոր լրատվամիջոցներին, չպետք է ներկայանային զենքերով, չպետք է թույլ տային լրագրողներին անցնել հսկվող տարածք: Ըստ նրա՝ բուժանձնակազմին իրենց մոտ վերցնելու պահից սկսած՝ տեղի է ունենում ահաբեկչություն: «Հիմա, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց մոտ կանչած բուժանձնակազմին պատանդ են վերցրել, ես ասում եմ հետևյալը, որ ներսում գտնվող տղաներն ահաբեկիչներ և տեռորիստներ են, և դրանից հետո պետությունը, իշխանությունները, ուժային կառույցներն իրավունք ունեն կատարելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու համար»,- ասաց նա:
