Այսօր Վարուժանի ու նրա դստեր ծնունդն է
19:20 Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանիծննդյան օրն է. նա դառնում է 46 տարեկան: Մենք փորձեցինք զրուցել Վարուժանի կնոջ՝ Լուսինեի հետ, սակայն պարզվեց, որ նա իր դստեր՝ Անիի հետ վերջին իրադարձություններից հետո ընդհատակ է անցել: Լուսինեի մայրը՝ Գալյա Սիմոնյանը շատ հուզվեց՝ իմանալով, թե ինչի մասին ենք ցանկանում զրուցել. «Այսօր իմ Անիի ծննդյան օրն էլ է, հայր ու աղջիկ նույն օրն են ծնվել: Մենք հարազատներով հավաքված նշում ենք, բայց իրենք չկան, չգիտենք էլ որտեղ են»,- լաց լինելով պատմեց տիկին Գալյան: Մեր հարցին, թե ո՞րն է Վարուժանի ընտանիքի ընդհատակ անցնելու պատճառը, արդյո՞ք հետապնդումներ էին սկսվել, տիկին Գալյան նկատեց. «Արդեն սկսվել էին, ոչ թե սկսվում էին: Մայր ու աղջկան տարել էին ոստիկանություն, հաջորդ օրն էլ եկել են, որ կալանավորեն, գնացել են տնից, որ չտանեն: Թե ուր են գնացել՝ նույնիսկ տեղն էլ չգիտենք»: Մեր հարցին ի պատասխան Վարուժան Ավետիսյանի զոքանչը տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդում գտնվողների հետ արդեն մի քանի օր է, որ կապ չկա. «Ինտերնետով մի ժամանակ Վարուժանը գրում էր, հիմա դա էլ չի աշխատում: Ոչ մի տեղեկություն չունենք»,- հուզմունքը զսպել չկարողանալով վստահեցրեց Գալյա Սիմոնյանը: armtimes.com
