Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան
Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա. Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա. Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայր և առանձնազրույց ունեցել Ա. Ենիգոմշյանի և նրա պաշտպանի հետ: Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Արդյունքում՝ Ա. Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիո ընդունիչ: Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և Ա. Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ»:
