Կվերականգնեն նախկին հարաբերությունները
TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը վերականգնում են այն հարաբերությունները, որոնք ճգնաժամից առաջ եղել են երկու երկրների միջև: Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ռուսաստանը ունեն հարաբերությունները զարգացնելու կարիք: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան ընդունելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ էներգետիկ նախագծերի իրագործման հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է «Թուրքական հոսք» գազատարի ու Աքքույուի ատոմակայանի նախագծերին:
