Պավլիկ Մանուկյանը ցանկություն է հայտնել լինել դատարանում․ պաշտպան
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին ու իր որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրանց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, որը քիչ առաջ հիվանդանոցում հանդիպել է իր պաշտպանյալներին։ «Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը ներկայացվել են որպես մեղադրյալներ, քիչ անց դատարանում միջնորդության քննություն պիտի սկսվի։ Քննիչները ներկայացրել են միջնորդություններ, որ պատրաստվում են դիմել դատարան՝ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ»,-ասել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ Պավլիկ Մանուկյանը, չնայած իր առողջական ծանր վիճակին, ցանկություն է հայտնել լինել դատարանում, իսկ Արամը՝ ոչ։ news.am
