Պավլիկ Մանուկյանի դուստրը ներկայացնում է այլ վարկած՝ գիշերվա իրադարձությունների վերաբերյալ
17:00 Զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը, ֆեյսբուքում ներկայացրել է զինված խմբի վարկածը՝ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ «Սասնա Ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»,- Ֆեյսբուքում գրառել է Ա. Մանուկյանը։ Նշենք, որ ըստ ոստիկանության վարկածի՝ «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց»:
