«Թող բերեն Արմենչիկին՝ բանակցի, վաստակավոր արտիստի կոչում են տվել». Վահրամ Մարտիրոսյան
Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց,որ դժգոհությունը հասել է իր սահմանին.«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի, անտեր է:Իշխանություններն ու զորամասը գրաված տղաները մտել են փակուղի, որովհետև պատրաստ չէին՝ առանց արյունահեղության խնդիրը լուծելու»: «Օրինակ՝ Վիտալի Բալասանյանի միսիան ավարտվեց միայն նրանով, որ պատանդներն ազատ արձակվեցին: Դա մեծ առաջընթաց էր, բայց վերջնագրեր էին դրված և՛ իշխանությունների, և՛ զինյալների կողմից: Հեղինակությունների բացակայությունը բերեց նրան, ինչ եղավ այս գիշեր. եղան կրակոցներ և արյունահեղություն: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Պետք է գտնվեին մարդիկ, որոնք կառաջարկեին բանաձև. լուծումներ, ու արյունահեղություն չէր լինի»,- ասաց Ազատ Արշակյանը: «Կատարվել է հեղինակությունների հետևողական ոչնչացման գործընթաց: Ասենք, ինչո՞ւ իշխանությունը որպես միջնորդ՝ չբերեց Արմենչիկին: Թող բերեն Արմենչիկին՝ բանակցի, վաստակավոր արտիստի կոչում են տվել: Դա է ձեր մտավորականության չափանիշը: Մեր մտավորականներին ու մնացած արվեստագետներին էլ այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ՝ շպրտի ձեր երեսին ձեր տված կոչումը: Այդ մարդիկ արդեն հեղինակություն չեն, որպես հանրային դեմք՝ խոսք ասելու իրավունք չունեն»,-հավելեց ասուլիսի մյուս բանախոս հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:
