Ինչպես կարող ենք միջնորդ լինել Սերժ Սարգսյանի և որևէ մեկի միջև. Ն. Փաշինյան
21. 07 ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Խորենացի փողոցում։ Մինչդեռ լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հարթակ չի բարձրանալու և այնտեղից ելույթ չի ունենալու։ Նրա խոսքերով՝ այստեղ նա որպես քաղաքացի է եկել։ «Երբ որ ես կամ մեր թիմը կտեսնի ավելի օգտակար գործողություն, որը կլինի ի շահ ժողովրդի և ի շահ փոփոխությունների, ապա մենք այդ քայլը չենք զլանա անել։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ նման գործընթացների ժամանակ հարթակից հնչեն միակերպ ուղերձներ, այսինքն չլինեն հակասություններ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև իր միջնորդությունը ստանձնելու հավանականությունն ինչի՞ց է կախված, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք, օրինակ պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա մենք ինչպես կարող ենք միջնորդ լինել Սերժ Սարգսյանի և որևէ մեկի միջև։ Մենք որևէ միջնորդական առաքելություն հենց սկզբից ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք։ Միջնորդը նա է, ով չեզոք է։ Եթե մենք համարում ենք, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությունն ապօրինի, հանցագործ իշխանություն է, մենք ոնց կարող ենք միջնորդ լինել»։
