Արտակարգ իրավիճակ. Մոսկվա-Երևան 5 ժամով հետաձգված չվերթի նստեցումը կատարվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևան եկող «UTair» ավիաընկերության հետաձգված չվերթի նստեցումը տեղի է ունեցել, ինքնաթիռը պատրատվում է թռիչքի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «UTair» ավիաընկերության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչը: «Նստեցումը Մոսկվայում սկսվել է, մոտակա մի քանի րոպեների ընթացքում կունենանք թռիչք»,-ասաց նա:Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանը գրառում էր կատարել` հայտնելով, որ «Վնուկովո» օդանավակայանից 873-րդ համարի Մոսկվա-Երևան ժամը 11:10-ի չվերթի ուղևորներին նստեցումից հետո իջեցրել էին` ինքնաթիռում անսարքություն հայտնաբերելու պատճառով: 4 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո փորձել են կրկին նստեցնել նույն ինքնաթիռը, բայց ուղևորներն ընդդիմացել են և պահանջել ուրիշ օդանավ:Ավիաընկերության ներկայացուցչից ճշտեցինք նույն ինքնաթիռով է իրականացվել թռիչքը, թե ոչ, նա ասաց. «Ուղևորներին նստեցրել են ինքնաթիռ, չեմ կարող ասել նույնն է, թե փոխվել է: Նախնական մեզ ասել են, որ ինքնաթիռ է փոխվում: Մեզ ասել են, որ ինքնաթիռն ունի տեխնիկական խնդիր, այդ ժամանակ արվում են համապատասխան քայլեր, որ չվերթը կատարվի: Խափանված ինքնաթիռները ընդհանրապես չեն թռչում, քանի որ առաջնահերթ թռիչքային անվտագությունն է: Վախենալու ոչ մի բան չկա, եթե ինքնաթիռը համապատասխանում է թռիչքային անվտանգությանը, ուրեմն դրանով էլ կատարվում է թռիչքը: Ո ւղևորները թող չանհանգստանան ու չվախենան»,-վստահեցրեց նա:
