«Սասնա ծռեր»-ի հետ բանակցող Աշոտ Մինասյանն իշխանությունների նշանակած մարդն է. Ենիգոմշյան
Խորենացի փողոցում լրագրողների հետ հանդիպմանը «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի ներսում արդեն 30 ժամից ավելի է` անջատվել է էլեկտրականությունը, չկա բժշկական ծառայություն, սնունդ, գիշերվանից սկսած` նաև հեռախոսակապ,եթե այդ խնդիրները մինչև երեկո չլուծվեն, գնդի տարածքում հավաքված քաղաքացիների հետ միասին կորոշեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն: «Մեր պահանջն է, որ բանակցող անձնավորությունը ժողովրդին տեղեկացնի բանակցությունների ընթացքից, ժողովրդի ներկայացուցիչներին, հանձինս նախաձեռնող խմբի, հնարավորություն տրվի կապի մեջ լինել տղաների հետ: Տղաների մեկուսացումը բանակցությունների ոգուն ոչ հարիր երևույթ է»,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը: Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանըհեռախոսն անջատել է ու նրա հետ կապ հաստատել չի ստացվում: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իրենք կարողանում են կապ հաստատել Մինասյանի հետ եւ պարզել՝ այս պահին որեւէ բանակցություն կա՞, թե՝ոչ: Ենիգոմշյանը պատասխանեց, որ Մինասյանի հետ կապ չունեն, նա «իշխանությունների նշանակած մարդն է» եւ որեւէ կերպ չեն կարող մեզ աջակցել՝ գտնելու ազատամարտիկին: Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համաձայնությամբ՝ բանակցություններն արդեն շարունակվելու են «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ:
