Որն է «Սասնա Ծռերի» հիմնական խնդիրը
«Ի սկզբանե ապստամբների մոտ ստրատեգիական առումով նպատակ կար զինված ապստամբությունը վերածել հեղափոխական շարժման»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» տղաները մտադիր են եղել ստեղծել գերլարվածության մի օջախ, որի շուրջ կծավալվեին այլ գործողություններ, իսկ զուգահեռ կստեղծվեին կազմակերպչական կառույցներ, որոնք կուղղորդեին շարժումը ՊՊԾ շենքի պատերից դուրս: Քաղտեխնոլոգի ի համոզմամբ՝ խմբի հիմնական նպատակն առնչվում է ԼՂ խնդրին եւ մասնավորապես թույլ չտալ ազատագրված հողեր հանձնել Ադրբեջանին: «Վիտալի Բալասանյանի խոսքերից հասկացա, որ Ժիրայր Սեֆիլյանին ամենաշատը հետաքրքրում են ազգային նշանակության խնդիրներ»,-նկատեց քաղտեխնոլգը՝ նկատելով, որ այս հարցի շուրջ կսկսվեն բանակցությունները, եթե խումբը զենքերը վայր դնի. «Իշխանությունը երկու պատճառ ունի, որոնցից ելնելով թվում է, թե պասիվ է, առաջինը Մարտի մեկից հետո խուսափել արյունահեղությունից եւ երկրորդ՝Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է: Իշխանություններն անգամ այս վիճակում փորձում են իրավիճակից օգուտ քաղել արտաքին քաղաքական դաշտում, փորձում է միջնորդ երկրներին հասկացնել, որ երկրում երբ նման լարված վիճակ է, նման պայմաններում հնարավոր չէ ռադիկալ հարցեր լուծել»,-ասաց նա՝ նկատելով, որ դա է պատճառը, որ առայժմ իշխանությունը չի դիմում ուժային մեթոդի: Վիգեն Հակոբյանը նշեց նաեւ, որ ստեղծված իրավիճակից օգտվում են նաեւ իշխանությունները, սակայն, արդեն արտաքին քաղաքականության մեջ. «Կարծես, փորձում է դրսին հասկացնել, որ նման իրավիճակում, երբ երկրում գերանկայուն իրավիճակ է, երբ ապստամբները եւ ժողովուրդը ըմբոստանում է Մադրիդյան սկզբունքների դեմ, նման պայմաններում հնարավոր չէ լուրջ հարցեր լուծել Ղարաբաղի մասով»:
