Իրավիճակը սրվել է. Ալեք Ենիգոմշյան
Համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մոտ տասը ժամ է չեն կարողանում կապ հաստատել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ, կապի բոլոր միջոցներն անջատված են, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։«Խմբի անդամները զրկված են հոսանքից, սննդից, նրանց բժշկական օգնություն չի ցուցաբերվում, թեև խմբի անդամների մեջ կա մեկ վիրավոր։ Իշխանությունների կողմից դրանք սրացման քայլեր են։ Բայց դրանով չի բավարարվում վարչախումբը՝ մի կողմից հայտարարում է, որ բանակցությունները ցանկանում է շարունակել դրական մթնոլորտում, տղաներն ապացուցել են այս ութ օրերի ընթացքում, որ իրենք կողմ են սրացման չգնալու, սակայն իրենք դիմում եմ քայլերի, երբ իշխանությունների կողմից լինում են սրացման և սադրիչ քայլեր, իրենք պատասխան քայլերի են գնում»։Ենիգոմշյանը նաև հայտարարեց, որ գիշերվանից իրավիճակը սրվել է։ «Փորձ է արվել տարածքի պատը քանդել, դա մեկից ավելի աղբյուրներից հաստատված փաստ է, ներառյալ շրջանի բնակիչները։ Այսօր առավոտյան մթնոլորտի սրացման նոր քայլ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռչել է տարածքի վրա և մոտավորապես տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին», - ասաց Ենիգոմշյանը՝ նշելով, որ նման քայլերը ցույց են տալիս, որ իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտի մեջ շարունակել բանակցությունները տղաների հետ։«Վտանգավոր սրացման ենք գնում։ Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ։ Մենք հուսով ենք, որ ողջամտությունը կտիրապետի վարչախմբի մոտ և նրանք չեն գնա, ոչ միայն չեն գնա արյունահեղության ուղղությամբ քայլերի, այլև քայլերի որոնք շատ ճակատագրական կարող են լինել Հայաստանի համար », - եզրափակեց Ենիգոմշյանը։
