Կողմերի հետ կշարունակի բանակցել Վիտալի Բալասանյանը. Գառնիկ Իսագուլյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք զինված խմբի և իշխանությունների միջև բանակցություններն այլևս Վիտալի Բալասանյանը չի վարի, պատասխանեց. « Տարածված հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև այսուհետ բանակցություններ կվարի «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, իրականությանը չեն համապատասխանում: Կողմերի հետ, եթե երկխոսությունը շարունակվի, կբանակցի Վիտալի Բալասանյանը»: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երեկ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման եւ իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են, սակայն խնդրի բուն էության մասով էական փոփոխություն չկա: «Նորանոր բանակցող կողմեր են մտնում բանակցությունների դաշտ: Եվ ինչպես մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել՝ ներկայումս այդ առաքելությամբ գործում է բոլորի կողմից հարգված, արցախյան ազատամարտի հրամանատարների մեկը, «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը»,- ասաել է Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ Աշոտ Մինասյանը երեկ էլ է հանդիպել խմբավորման անդամներին: «Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել եւ իրենք պատրաստ չեն զիջման եւ ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունն ու զորակցությունը հայտնի այդ տաղներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենա իրականությանը»,- հայտարարլ է նա:
