Մեր պարենամթերքները անարգել արտահանվում են ՌԴ.ՍԱՊԾ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում հունվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը՝ անդրադառնալով նաև Հայաստանի Հանրապետությունից ՌԴ կենդանական ծագման մթերքի արտահանման ժամանակավոր արգելքին: Հովհաննես Մկրտչյանը նախ նշեց, որ սննդի անվտանգության պետական ծառայության 630 անասնաբույժ ամենօրյա վերահսկողություն է իրականացնում: Պաշտոնյայի խոսքով` Հայաստանում չի կարող դաբաղով հիվանդ կենդանիներից պատրաստված մսամթերք ու կաթնամթերք վաճառվել: Գրանցվել է ընդամենը մեկ դեպք, և կենդանին ոչնչացվել է: Հովհաննես Մկրտչյանը հստակեցրեց, թե որ ապրանքատեսակների վրա է տարածվում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության ժամանակավոր արգելքը. դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութ և վերամշակում չանցած միս, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը: Տեսչության պետը տեղեկացրեց, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր պարենամթերքը՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքը, անարգել արտահանվում են ՌԴ տարածք, և որ հունվարի 20-21-ին հանրապետությունից 9 մեքենա պանիր է արտահանվել ՌԴ: Բանախոսը կրկին շեշտեց, որ արգելքը ժամանակավոր և կանխարգելիչ միջոցառում է, և որ այս շաբաթ Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը՝ տեղում ծանոթանալու անասնահամաճարակային իրավիճակին ու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:
