Թուրքիայում կցրվի նախագահական գվարդիան
Թուրքիայում կցրվի նախագահական գվարդիան: Նման հայտարարությամբ A Haber հեռուստաալիքի եթերում հանդես է եկել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Նախագահական գվարդիան այլևս չի լինի, մենք չունենք ոչ նման նպատակ, ոչ անհրաժեշտություն»,- ասել է Յըլդըրըմը: Ավելի վաղ հաղորդվել է, որ հեղաշրջման փորձի առնչությամբ ձերբակալվել է նախագահական գվարդիայի մոտ 300 անդամ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Ավելի քան 13 հզ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի:
