Մամուլի կենտրոնը կաշխատի չեզոք գոտում
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաները երեկ երեկոյան Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում են ունեցել ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի հետ և նախնական համաձայնության եկել, որ ազատ կարձակեն գնդում պատանդառվող ոստիկաններին: Վերջիններս մի պայման են ներկայացրել՝ ստեղծել մամուլի կետ: «Մենք որոշեցինք մեզ մոտ գտնվող ոստիկանների ազատ արձակման հարցն առանձնացնել գործընթացի համատեքստից, մենք երբեք էլ նպատակ չենք ունեցել գործիք դարձնել այդ մարդկանց՝ այստեղ ներկա լինելու հանգամանքը: Առաջարկեցինք մամուլի կետ բացել, և մենք ոստիկաններին բոլորին ազատ կարձակենք»,- Newsbook.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա նաև նշեց, որ այսօր առավոտյան արդեն շարքային երկու ոստիկանի Բալասանյանի ներկայությամբ ազատ են արձակել, մյուսները ազատ կլինեն այն ժամանակ, երբ մամուլի կետը գործի: «Մենք ուղիղ հեռարձակում ապահովող մի քանի մամուլի հետ կխոսենք, կառաջարկենք մասնակցել այդ գործընթացի: Կետը մեր տարածքից դուրս է՝ ճանապարհի վրա է, միջանկյալ հատվածում»,- հավելեց նա:
