Սա ահաբեկչություն է. Մերուժան Տեր-Գուլանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Մերուժան Տեր-Գուլանյանն, անդարադառնալով վերջին օրերի իրադարձություններին, ասաց. «Իշխանությունները փայլուն համբերություն են ցուցաբերում: Ցանկացած ժողովրդավարական երկրում հաջորդ օրը կոչնչացնեին տեռորիստին՝ հենց հաջորդ օրը: Դու պետության դեմ ես դուրս եկել եւ արյուն ես թափել»: Ըստ գրողի՝ ինքը չգիտի՝ ԱԱԾ-ն ոնց է մոտենում, բայց սա հայերեն կոչվում է ահաբեկչություն: Մարդ են սպանել եւ պատանդ են պահում, հայերեն հրաշալի բառ կա՝ ահաբեկչություն»: Մերուժան Տեր-Գուլանյանն առաջարկել էր Պավլիկ Մանուկյանին, որպես իր ընկերոջ, զենքերը վայր դնել ու հանձնվել: Լրագրողները հարցրեցին Տեր-Գուլանյանին՝ չե՞ք տեսնում անջրպետ հասարակության եւ մտավորականության միջեւ, պատասխանեց. «Ես ոչ մի կերակրատաշտին մոտ չեմ: Ես հարուստ չեմ, ունեմ 4 երեխա, 7 թոռ եւ 1 բնակարան: Ուրիշ ոչինչ չունեմ: Իշխանություններին հաճո բան ասելը մի բան է, մի այլ բան է պետությունը պահպանել: Երազում էինք անկախ պետականություն ունենալ, հիմա այդ պետականությունը սպանում ենք: Եկեք փրկենք մարդկանց, հետո որոշենք, թե ով է պատասխանատվություն կրողը ավելի շատ»:
