Հասկանալի է, որ նախագահն այնքան ամուր է նստած, որ հրաժարական չի տա. Լիլիթ Պիպոյան
Երգչուհի Լիլիթ Պիպոյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ,անդրադառնալով <<Սասնա Ծռեր>> զինված խմբավորման գործողություններին,հայտարարեց,որ տղաներն իրենց կյանքի գնով են հարց բարձրացրել. «Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ լուծում էլ լինի, իրենք զոհ են գնալու: Իրենք մահապարտի նման նստել են այնտեղ, հարց են բարձրացրել: Այս հարցը պիտի լսվի՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ մի սարսափելի բան չի լինի և մեր իշխանության վարկանիշը ոչ թե կիջնի, այլ կբարձրանա նրանով, որ բանակցություններով որոշ զիջումների գնան և գոնե քաղբանտարկյալներին ազատեն»: Անդրադառնալով Շարմազանովի ելույթին՝ նշեց. «Ծայրից ծայր փարիսեցիություն է: Բոլոր միջոցները ձեռնարկելը ո՞րն է: Հետո էլ ասում է՝ մենք ապավինում ենք Աստծուն, և կոչ ենք անում, որ լինի սեր և հանդուրժողականություն: Սիրուց հերիք է խոսեն. իշխանությունը պետք է խոսի արդարությունից, ոչ թե սիրուց: Աստծուն ապավինել պետք չէ, որովհետև մենք ենք ապավինում Աստծուն, որպեսզի արյունահեղություն չլինի: Ոչ ոք չի ուզում արյունահեղություն, մահեր, բայց վերջապես ինչ-որ լուծում պե՞տք է լինի:Հասկանալի է, որ նախագահն այնքան ամուր է նստած, որ հրաժարական չի տա, բայց ըստ նրա՝ գոնե Սէֆիլյանին ազատ արձակելու պահանջը պետք է կատարվի: Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է շարունակել այսպես ապրել, թե՞ ոչ: Պետք է հանգուցալուծում լինի: Ոչ թե հասնեն նրան, որ նրանք այնտեղ սովամահ լինեն, մեռնեն կամ հանձնվեն, այլ հանգուցալուծում լինի: Իշխանությունը պետք է որոշակի զիջումների գնա ու պահանջներից գոնե մեկը կատարի»:
