«Նախագահականի» կադրերը`նոր պաշտոնի հավակնորդներ
Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր է։ Այն զբաղեցնելու համար հեռուստառադիոընկերության խորհուրդը մրցույթ է հայտարարել, որի հաղթողը որոշվելու է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի կողմից, անդամների ձայների մեծամասնությամբ։ Այս պահին մի քանի թեկնածուների գլխավոր հավակնորդը նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանն է, ով մինչ այդ պաշտոնը զբաղեցները եղել է հասարակության հետ կապերի բաժնի պետը «Հայաստան» համահայկական հիմնադրամում եւ հաղորդավարությունը «Զինուժ» ծրագրում։ Արման Սաղաթելյանը մասնագիտությամբ անասնաբույժ է։ Այսօր հեռուստառադիոխորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու իր հայտը լրացնելու է մեկ այլ թեկնածու՝ ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։ Նա, ինչպես եւ Արման Սաղաթելյանը, նախագահականի կադրերից է։ Աշխատել է որպես նախագահի խոսնակներ Սամվել Ֆարմանյանի եւ Արմեն Արզումանյանի օգնական, ապա տեղափոխվել է Հանրային ռադիո, զբաղեցնելով արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժինը։ Ռադիոյի այն ժամանակվա տնօրեն Արմեն Ամիրյանի հետ տարաձայնությունների պատճառով նա հեռացավ պաշտոնից, նշանակվեց Ամիրյանի խորհրդական, ապա ազատման դիմում գրեց։
