Ադրբեջանում սևամորթ հաղորդավարին ազատել են աշխատանքից
Ադրբեջանում աշխատանքից հեռացրել են Space հեռուստաալիքի սևամորթ հաղորդավարին: «Աղմկահարույց» հեռացման առիթը վատ առոգանությունն է եղել։ Ի պատասխան Report-ի հարցման՝ Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի բաժնի վարիչ Թավվաքյուլ Դադաշևն ասել է, որ մի քանի օր առաջ նշանակված հեռուստահաղորդավարին հուլիս 20-ին փոխարինել է մեկ այլ հաղորդավար: Նա նշել է, որ «Ադրբեջանի տարածքում հեռուստառադիոհեռարձակման ոլորտում պետական լեզվի օգտագործման ապահովման հատուկ կանոնների» պահանջի համաձայն՝ հեռուստահաղորդավարի կողմից անթույլատրելի է բառերի արտասանությունը փոփոխելը և անփույթ վերաբերմունքը գրական լեզվի նորմերի նկատմամբ: Նա ասել է նաև, որ Space-ի տվյալ հեռուստահաղորդավարը լեզվական թերություն է ունեցել, որը շտկելուց հետո կարող է եթեր վերադառնալ:
