Ռուսաստանը նախազգուշացրել է Էրդողանին
Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի իրականացումից ժամեր առաջ Ռուսաստանը նախազգուշացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպասվելիք դեպքերի առնչությամբ: Ինչպես նշում է lenta.ru-ն, իրանական Fars լրատվական գործակալության ու արաբական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտնել են Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրները: Հայտնի է, որ հետախուզական տվյալները ստացվել են տարածաշրջանում տեղակայված ռուսական զինված ուժերի զորամասերից, որոնց հաջողվել է որսալ բանակային ռադիոհաղորդագրություններ` այդ թվում նաև կոդավորված: Դրանց վերծանումից պարզ է դարձել, որ թուրք զինվորականները պատրաստվում են տապալել կառավարությանը: Մասնավորապես ռադիոհաղորդագրություններում ասվում էր, որ Էրդողանը գտնվում է Մարմարիս հանգստյան գոտու հյուրանոցներից մեկում, որի մոտ պետք է ուղարկվեր մի քանի բանակային ուղղաթիռ` նախագահին ձեբակալելու կամ սպանելու համար: Սակայն ուղղաթիռներն ուշացել են, ու Էրդողանը հասցրել է հեռանալ: Աղբյուրը հավելում է, որ Թուրքիայի իշխանությունները, ժամեր առաջ տեղեկանալով սպասվելիք իրադարձությունների մասին, կարողացել են տապալել այն: Իսկ ապստամբները, գիտակցելով, որ իրենց ծրագրերն արդեն հայտնի են իշխանություններին, ստիպված են եղել գործողությունը սկսել նախանշված ժամից 6 ժամ շուտ:
