Զարուհի Փոստանջյանը և Երևանի ոստիկանապետ Ա. Կարապետյանը Խորենացի փողոցում են. տեսանյութ
23: 00 Խորենացի փողոցում, որն արդեն մի քանի օր է փակ է, քիչ առաջ ցուցարարներն իրենց պահանջն էին ներկայացնում՝ «Սասնա ծռեր» խմբին փոխանցել արդեն իսկ գնված ուտելիքը։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում սպասել մի քանի րոպե, մինչ նա կգնար Սարի թաղ։ Նա նշեց, որ վերադառնալուն պես կբանակցի ոստիկանների հետ։ Նրա գնալուն պես, ցուցարարները սկսեցին պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ։ Ոստիկաններին պատասխանի համար տրվեց 30 րոպե։ Ցուցարարները ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր առարկաներ էին նետում և վանկարկում «հիմա»։ Այս պահին Խորենացի փողոցում են գտնվում նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Պատգամավոր Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց պահպանել խաղաղությունը և չսրել իրավիճակը: Hayeli.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին դրությունը Խորենացի փողոցում հանդարտվել է:
