Իրենք պետք է պատրաստ լինեն հայտնվել դատարանում. Անահիտ Բախշյան
15:46 «Այն ինչ կատարվում է այս երեք օրերի ընթացքում, չափազանց մտահոգիչ է, իրավիճակը քաղաքական լուծում է պահանջում: Ժողովրդի 99 տոկոսը դեմ է արյունահեղությանը, լուծումը պատային է, մի փակուղի է, որից դուրս գալու համար շատ լուրջ իմաստություն է պետք, երկուստեք պետք է զիջման գնան, բայց երկուսն էլ այծի նման հայտնվել են մի նեղ կամրջի վրա, և չեն ուզում միլիմետր զիջել, դրա արդյունքում շատ վատ բաներ կարող են լինել»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ,ում կարծիքով քաղաքական հարթակի վրա պետք է ընթանան բանակցությունները: «Ուզում եմ հարցնել «Սասնա ծռերի» խենթերին, ովքեր փորձել են հնար գտնել, այո դանակը հասել է ոսկորին, բայց ինչպե՞ս են տեսնում իրենք այս հարցի լուծումը»,- հարցրեց Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանն առաջարկում է, որ հեղինակություն ու ազդեցություն ունեցող կանայք հավաքվեն, ու միջնորդի դեր ստանձնեն «Միայն կանայք կարող ենք փրկել այս վիճակը, ես պատրաստ եմ գնալ, ծնկի գալ այդ տղաների առաջ, որովհետև իրենց մեթոդն անընդունելի է:Իրենք պետք է ընդունեն, որ պատասխանատու են ամեն ինչի համար, քանի որ նման քայլի են գնացել: Իրենք պետք է պատրաստ լինեն հայտնվել դատարանում, նրանք պետք է զինաթափվեն ու իրենց ասելքին ու պահանջները շարունակեն բարձրաձայնել արդեն դատարանում»,- ասաց Անահիտ Բախշյանը:
