Թուրքիայի հայ համայնքը վախեցած է և մտահոգված
Թուրքիայում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի հայ համայնքւի շրջանում պահպանվում է վախի և մտահոգության մթնոլորտը: Բանն այն է,որ իրադարձություններից հետո այնուամենայնիվ Էրդողանը մնաց իշխանության գլխին, ինչն էլ հայ համայնքի մոտ վախի մթնոլորտ է առաջացրել,մարդիկ աշխատում են տանից դուրս գալ միայն առավոտյան և կեսօրին,երեկոյան ժամերին հայ համայնքի ներկայացուցիչներին ասված է մնալ իրենց տներում:Այն մասին մեզ հետ զրույցում ասաց Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Կիզիրյանը:Լարվածությունը ազդել է նաև հայ համայնքի վրա,հայտնում է նա: Հատկանշական է այն,որ Ստամբուլի «Ժամանակ» թերթը ողջունել է հեղաշրջման փորձի տապալումը և մասնավորապես թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հայտարարել է,որ Թուրքիայի հայ համայնքը միասնական էր երկրի իշխանության հետ ռազմական հեղաշրջման մասնակիցների դեմ պայքարում: Նշենք,որ Ստամբուլի հայ համայնքում հուլիսի 15-ի երեկոյան ժամերից սկիզբ առած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով տուժածներ չկան: Ստամբուլի հայկական կառույցները ևս չեն տուժել: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440 վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, մինչ այժմ ձերբակալվածների թիվ անցել է 6.000-ը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում անվտանգության և իրավաշտպան համակարգի բարձրաստիճան ներկայացուցյիչները:
