Բակո Սահակյանը՝ԼՂ հակամարտության հարցում ՌԴ-ի դերակատարման մասին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Լենտա.ռու»–ին տված հարցազրույցում հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ բազմաստիճան քաղաքականություն է մշակվել: Պատասխանելով Ռուսաստանի դերակատարման մասին հարցին, ԼՂՀ նախագահը նշել է, որ ՌԴ-ն հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող միջազգային պաշտոնական կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկն է: Ռուսաստանը ու երկու մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, միշտ զբաղեցրել են կառուցողական ու անկողմնակալ դիրքորոշում, արել են ու անում են հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու ու հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: «Մենք բարձր ենք գնահատում այդ երկրներից յուրաքանչյուրի ավանդը: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ փոխհարաբերություններին, ապա դրանք շատ կարեւոր են մեզ համար: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք պատմական, մշակութային ու տնտեսական կապերով: Ռուսաստանում է ապրում հայկական սփյուռքի ամենամեծաքանակ սեգմենտը: Այս ամենը լավ հեռանկարներ է ստեղծում փոխշահավետ համագործակցության համար: Ուզում եմ նշել, որ մեր պետության չճանաչված լինելու պատճառով Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները զարգանում են հիմնականում հումանիտար, գիտակրթական, մշակութային ուղղություններով, նաեւ մասնավոր ձեռններեցության ոլորտում՝ հայկական սփյուռքի ուժերով»,- հայտնել է Բակո Սահակյանը:
