Ադրբեջանը 22 տարի պատրաստվում էր.Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը lenta.ru–ին տված հարցազրույցում հայտարարել է,որ Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը: «2016 թ. ապրիլի 2-5-ը Ադրբեջանը ուխտադրուժ կերպով խախտելով 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի դեմ սահմանների գրեթե ամբողջ երկայնքով: Ադրբեջանի գործողություները՝ իրենց բոլոր բնութագրերով կարելի է պատերազմ որակել: Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշել է ԼՂՀ նախագահը: « Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ Ադրբեջանը դրան պատարստվել է 22 տարի, վարելով ագրեսիվ քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական ու ռազմաքաղաքական ոլորտներում: Մենք բազմիցս նախազգուշացրել ենք տվյալ քաղաքականության վտագավոր ու ողբերգական հետեւանքների մասին: Ցավոք պատերազմը չհաջողվեց կանխել: Եվ միայն մեծ նյութական ու մարդկային կորուստներ կրելուց հետո հակառակորդը ստիպված եղավ կանգ առնել»,- շեշտեց Բակո Սահակյանը:
