Զոհերը միակողմանի չեն լինելու. Փաշինյան
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացու փողոցում հայտարարեց, որ երկրում այսօր գլխավոր հարց պետք է լինի այն՝ ինչ անել, որպեսզի կանխվի արյունահեղությունը:«Որևէ մեկը թող չմտածի, որ թե զոհերը լինելու են միակողմանի: Եկեք չմոռանանք, որ այնտեղ մարդիկ են, ովքեր մարտական ուղի են անցել, ոստիկանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր մարտական ուղի են անցել: Նրանք, ովքեր ասում են՝ սրանք ահաբեկիչներ են, ստեղծում են ֆոն գրոհի համար: Իսկ էդ գրոհի ընթացքում լինելու են երկուստեք զոհեր ու տուժածներ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իր համար ընդունելի չեն ձևակերպումները, որ «Սասնա ծռերի» անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ահաբեկիչ: « Հայաստանի որ գյուղ ու քաղաք մտնես, մարդիկ ասում են, որ պետք է զենք վերցնել:Այսինքն՝ Հայաստանի կեսը ահաբեկի՞չ են»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը շեշտեց, որ ճիշտ չէ այն, որ իրադարձությունների զարգացման և հետագայի մասին խոսում են միայն ԱԱԾ-ն և ոստիկանությունը։ «Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգրքի որևէ հոդված ցիտելով, դա նշանակում է, որ ճիշտ չենք գնահատում և հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Հունան Պողոսյանը ոստիկանապետի տեղակալն է, մեկնաբանում է, բայց ես խիստ կասկածում եմ, որ նա կարող է գնահատել խնդրի քաղաքական կոնտեքստը, իրենք նայում են քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածը»,- նշեց նա:
